Հայացք Հայաստանի ՏՏ ոլորտին

 

Պատմականորեն Հայաստանը զբաղեցրել է առաջատար դիրք բարձր տեխնոլոգիաների հետազոտության, մշակումների և արտադրության ոլորտում: 1950-ականների սկզբից Խորհրդային Հայաստանը եղել է ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության հիմնական կենտրոնը տեխնոլոգիական ոլորտի մի շարք կարևորագույն սեգմենտներում' հզոր ԷՀՄ-ներ, արդյունաբերական հաշվարկում, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ծրագրային ապահովման մշակում և այլն: Մինչ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը հիմնականում կատարում էր խոշորածավալ գիտահետազոտական և արտադրական պատվերներ' ուղղված արդյունաբերության և պաշտպանության ոլորտների ապահովմանը: 1991թ. անկախությունից հետո ոլորտի ուղղվածությունը փոխվեց դեպի ծրագրային ապահովման մշակում, պատվերների ներգրավում (աուտսորսինգ) և ՏՏ ծառայություններ: Վերջին տասը տարիների ընթացքում ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտը արձանագրել է հիրավի լուրջ աճի տեմպեր' ապահովելով 27% տարեկան աճ: 2008թ. Հայաստանի ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 1,2% , ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4%) և Գերմանիայի (1.3%) հետ:

 

Վերջին տարիներին տեղական ոլորտը արձանագրել է արտասահմանյան ներդրողների խոշոր ներհոսք, որոնք մուտք են գործել հայկական շուկա տեղի բարձրակարգ երիտասարդ կադրերի շնորհիվ: ՏՏ Ոլորտի ընդհանուր թողարկված արտադրանքի շուրջ 62%-ը արտահանվում է ավելի քան 20 երկրներ' ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ: Այդ արտադրանքը հիմնականում առնչվում է հետևյալ ոլորտներին' ներկառուցված ծրագրային ապահովում և կիսահաղորդիչների նախագծում, ծրագրային ապահովման պատվերներ և աուտսորսինգ, ֆինանսական ծրագրեր, մուլտիմեդիա նախագծում, ինտերնետային ծրագրավորում, վեբ ծրագրավորում, կառավարման տեղեկատվական համակարգեր և համակարգերի ինտեգրում: Հայաստանը առանձնանում է լուրջ նվաճումներով, հատկապես կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի և դրան առնչվող մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման բնագավառում: Միկրոսխեմաների նախագծման ոլորտում մասնագիտացող արտասահմանյան ընկերությունները հիմնում են գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում' օգտվելով տեղի շնորհալի և ստեղծագործ մասնագետների ու համեմատաբար ցածր աշխատավարձերի առկա առավելություններից: