ՏՀՏ ոլորտը Հայաստանում

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100.000 մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանային հակամարտությունները և ավերիչ երկրաշարժը երկրի հյուսիսում հսկայական տնտեսական վնասներ հասցրեցին Հայաստանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պատճառած վնասները նույնպես զգալի էին, գիտական և գիտահետազոտական հաստատությունների մեծամասնությունը կրճատել կամ դադարեցրել էին իրենց գործունեությունը' թողնելով հազարավոր գործազուրկներ:

1991թ. ձեռքբերած անկախությունը իր հետ բերեց լիովին նոր հնարավորություններ ոլորտի և, մասնավորապես, ձեռներեցների ու ՏՏ մասնագետների համար: Խոշորածավալ արտադրական գործունեությունից ոլորտի մասնագիտացումը փոխվեց դեպի ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտ, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել են աճի բավականին բարձր տեմպեր: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում:

 

Պատմական նախադրյալներ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը բաժանվում է երկու հիմնական փուլերի' Խորհրդային շրջան և ետխորհրդային անկախ Հայաստան: Խորհրդային շրջանում Հայաստանը համարվել է ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից մեկը: Այդ ավանդույթը դրվել է դեռևս 1950-ական թվականներին, երբ հանրապետությունում սկսեցին գործել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կիսահաղորդիչներ արտադրող ձեռնարկություններ: Այս հաստատությունները գործում էին Խորհրդային Միության կառավարության խոշոր և միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդյունաբերության և պաշտպանության ոլորտի ապահովմանը: Բազմաթիվ կազմակերպություններ ստեղծել էին ծրագրավորման իրենց բաժինները, որոնք ուղղված էին հիմնականում հաշվապահության և այլ գործառույթների ավտոմատացմանը: Զարգացման երկրորդ փուլում տեխնոլոգիական ոլորտի հիմնական ուղղվածությունն էր ծրագրային պատվերների ներգրավումը (աուտսորսինգ) և ծրագրային ապահովման մշակումը: Այս ժամանակաշրջանում հայկական ՏՏ ոլորտի ներուժը ճանաչվեց բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների կողմից: Մի շարք տրանսազգային ընկերություններ Հայաստան ներմուծեցին գիտահետազոտական, գործառնական և ծրագրավորման պատվերներ: ՀՀ կառավարությունը հայտարարեց տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը:

Ինֆորմացիոն ռեսուրս' Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ (ՁԻՀ)